Ընդամենը երկու տարի առաջ մեկնարկած կայուն գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագրի առաջին սերնդի ներկայացուցիչները 2021թ․ հունիսի 30-ին մեծ կյանք մուտք գործելու հայտ ներկայացրեցին՝ պաշտպանեցին ավարտաճառերը:
Անսովոր ոչինչ չկար՝ նույն երիտասարդներն են՝ մի քիչ հուզառատ, մի քիչ ցայտնոտային, մի քիչ ինքնավստահ․․․
Անսովոր է ագրարային հիմնախնդիրները դիտարկելու, դրանց լուծումները գտնելու մոտեցումը, որն ենթադրում է համընդգրկուն հայացք՝ ժողովրդագրական, բնապահպանական, սոցիոլոգիական, առողջապահական, մակրոտնտեսագիտական: Եվ լուծումներն էլ, բնականաբար, պետք է լինեն համապարփակ, թվարկված ողջ շղթան ներառելով:
Առաջնեկների պաշտպանության ընթացքում և´ շահեկան-թեժ քննարկումներ եղան, և´ օգտակար առաջարկություններ հնչեցին: Ավարտին, բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը դիմելով լսարանին, հատկապես մագիստրոսներին ասաց. «Շնորհակալ եմ, շատ լավ պաշտպանեցիք: Դժվար (համավարակ, պատերազմ) ու կարճ ժամանակահատվածում կարողացանք որակ ապահովել: Այս մարդիկ խնդիրներին համակարգված մոտենալու առաջին քայլերն են անում»: Պարոն Գևորգյանը նաև շնորհակալություն հայտնեց անտառագիտության և բնապահպանության ամբիոնի աշխատակիցներին՝ երիտասարդների հետ հետևողականորեն աշխատելու համար. «Կրթական ծրագիրը կշարունակվի ու կբարելավվի»: